Վարչապետը պետք է սպասի Աստծո դատաստանին. ի՞նչ է ասել հոգևորականը Վարչապետին

Հիշեցնենք, որ այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը եկեղեցի այցելած վարչապետի ձեռքն օդում էր թողել՝ հրաժարվելով սեղմել այն։ Թե նա ինչո՞ւ է նման կերպ արձագանքել Նիկոլ Փաշինյանին, Տեր Հայրը այդ որակում է որպես անձնական մոտեցում, որը պայմանավորված է

վերջին օրերին Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման հետ կապված աշխատանքներին և գործընթացներին։
Թե ի՞նչ է նա փոխանցել Նիկոլ Փաշինյանին, Տեր Պարգեւ Զեյնալյանը չցանկացավ փակագծերը բացել, միայն փոխանցեց, որ իր խոսքի իմաստը եղել է այն, որ վարչապետը պետք է սպասի Աստծո դատաստանին։

Ինչ վերաբերում է այն լուրերին, որ իրավապահները խուզարկում են իր տունը, Տեր Հայրն ասել է, որ ինքը տեղյակ չէ այդ լուրերի մասին։ Քահանայի ու վարչապետի միջեւ այսօր՝ ավելի վաղ տեղի ունեցած միջադեպից հետո, որոշ քաղաքացիներ գնացել են եկեղեցի, ու փորձել դուրս հանել քահանային, պատճառաբանելով, որ նա իրավունք չուներ վարչապետի հետ նման կերպ վարվել։

Տեր Պարգեւ Զեյնալյանն ասաց, որ ինքն այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, եւ այդտեղ հավաքված քաղաքացիներ չկան։ Նրանք եկեղեցու տարածքում են եղել այն ժամանակ, երբ ինքը հուղարկավորությանը է մասնակցելիս եղել։ «Այստեղ վիճակը հիմա շատ է լավ է, նորմալ»,- ասել է նա: